Մայրենի

Հիմալայան լեռների ստորոտում` ջունգլիներում, մի փայտփորիկ էր ապրում։ Ապրում էր և մի մեծ առյուծ, որը շարունակ քաղցած էր լինում։ Օրերից մի օր առյուծը մի մեծ կտոր միս գտավ ու սկսեց ագահաբար խժռել։ Հանկարծ ոսկորը դեմ առավ կոկորդին։ Առյուծը ոչ մի կերպ չէր կարողանում ոսկորը հանել։ Կոկորդը սաստիկ ցավում էր և շուտով սկսեց ուռչել։

Այնպես պատահեց, որ փայտփորիկը թռչում էր հենց այդ կողմերով, նա լսեց առյուծի մռնչոցն ու հարցրեց։

— Ջունգլիների արքա, ի՞նչ է պատահել։

— Ոսկոր է մնացել կոկորդումս, չեմ կարողանում հանել,—պատասխանեց առյուծը խռպոտ ձայնով։

— Ոչինչ,— ասաց փայտփորիկը,— ես կհանեմ, միայն թե վախենում եմ` հանկարծ կուլ տաս ինձ։

— Մի՛ վախեցիր,— ասաց առյուծը,— օգնի՛ր, խնդրում եմ, խոսք եմ տալիս, չեմ ուտի քեզ։

Փայտփորիկը պատվիրեց նրան հանգիստ պառկել։ «Համենայն դեպս, առյուծն առյուծ է, չարժե վստահել», մտածեց նա, մի հաստ փայտ վերցրեց ու դրեց առյուծի բացված ծնոտների արանքում, այնպես, որ նա չկարողանար փակել բերանը։ Հետո կտուցով դուրս քաշեց ոսկորը։

Որոշ ժամանակ անցավ և մի արևոտ օր փայտփորիկը նորից հանդիպեց առյուծին, որը դարձյալ մի մեծ կտոր միս էր խժռում։ Փայտփորիկը մտածեց՝ հարմար առիթ է փորձելու առյուծի երախտագիտությունը։

Նստելով մոտակա ծառի բարձր ճյուղին՝ փայտփորիկն ասաց առյուծին.

— Ջունգլիների արքա, հիշում ես, ինչպես մի անգամ օգնեցի քեզ, երբ ոսկորը մնացել էր կոկորդումդ։ Հիմա էլ գուցե դու ինձ օգնես…

— Փայտփորիկ,— ասաց առյուծը,— դու մտար աշխարհի ամենահզոր գազանի բերանը և անվնաս դուրս եկար այնտեղից։ Ուրիշ էլ ի՞նչ ես ուզում։

Լսելով երախտամոռ առյուծի պատասխանը փայտփորիկն այլևս ծպտուն չհանեց ու թռավ գնաց։